Փորձենք հետադարձ հայացք գցել գազի սակագնի բարձրացման ոդիսականին։ 2013-ի կեսերից ամիսներ շարունակ իշխանությունները աղմուկ-աղաղակ էին դրել, թե Ռուսաստանից ներկրվող գազի գինը բարձրացել է մինչև 70%-ով։ Հնարավոր սուբսիդավորման առնչությամբ ընթացած «ծանր», «դժվարին» և «բարդ» բանակցությունների վերաբերյալ շրջանառվող ասեկոսեների, նաև պաշտոնական անձանց հայտարարությունների (հաճախ իրարամերժ) և հարցազրույցների ոչ համոզիչ տեղատարափից հետո, այնուամենայնիվ, պարզվեց, որ այդ ամենն «արհեստավարժ» իշխանությունների լավ մտածած և կազմակերպած բեմադրություն-շոու էր։
Ի վերջո, պարզվեց, որ այդ իրարանցման վերջնական նպատակն էր պահն ու առիթը օգտագործել առավելագույնս բարձրացնելու հատկապես էլեկտրաէներգիայի սակագինը:
Հանրության ուշադրությունը սևեռված էր էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի հուսադրող խոստումների` Ռուսաստանի կողմից դեռևս «չթանկացրած» գազի սուբսիդավորման աղբյուրների փնտրտուքների, նրանց հայտնաբերման և իրագործման վրա (ամեն դեպքում, իհարկե, ոչ սեփական ժողովրդի գրպանից)։ Սակայն հայրենի իշխանություններն այդ սուբսիդավորումը «հասցրել» էին իրականացնել հենց մեր` այդ խաբկանքը դեռևս չընկալած քաղաքացու հաշվին, բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 27 %-ով (8 դրամով) և գազինը` 18 %-ով (24 դրամով), ինչից գոյացած հավելյալ վճարների մուտքը բյուջե տարեկան կկազմի ավելի քան 150 մլն դոլար: Ասել է` այդ գումարով ս.թ. հուլիսին արդեն հնարավոր էր «փակել», «ՀայՌուսգազարդի», այսպես կոչված, 20 % պարտքը:
Անգամ տարրական հաշվարկները վկայում են, որ գազի գնի 18 % բարձրացումից էլէներգիայի, առանց այն էլ նախկին, բավականին բարձր սակագինը պետք է բարձրանար ոչ թե 8, այլ ընդամենը 1, առավելագույնը` 2 դրամով, քանզի ՋԷԿ-երում արտադրվող էլէներգիան կազմում է հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրական էներգիայի 20-22%-ը:
Ի միջի այլոց էլէներգիայի սակագինը մեզանում մշտապես ուռճացված է եղել, և այսօր էլ շարունակում են ամեն պատեհ առիթով բարձրացնել այն` անտեսելով ՀԱԷԿ-ում և հէկերում արտադրվող էլէներգիայի համեմատական ցածր ինքնարժեքի փաստը:
Իշխանությունների թույլտվությամբ և հովանավորությամբ էներգակիրների շարունակվող անվերահսկելի թանկացումները, ցավոք, աղետալի վիճակի հասցրին հատկապես գյուղական համայնքները, դրանով հանդերձ` հանրապետության ողջ գյուղատնտեսությունը: Այսօր արդեն գյուղում հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվողների տնտեսական շահութաբերությունը վաղուց մոտեցել է զրոյական մակարդակին, և դրանով զբաղվելն արդեն դարձել է անիմաստ:
Այս ամենը հետևանք է այն բանի, որ մեր իշխանությունները պատրաստակամությամբ և «պարտքի մեծ զգացումով» լիովին և անմնացորդ ծառայել և ծառայում են օլիգարխիային, «պաշտպանելով» նրանց ցանկացած «ոտնձգությունից», շարժվում են նրանց թելադրած ծրագրով ու խաղի կանոններով, պաշտպանում և սատարում են նրանց քաղաքացիական և տնտեսական անձեռնմխելիությունն ու իրավունքները, մեծ հոգածություն են ցուցաբերում իշխանավոր օլիգարխների նկատմամբ, ծաղկմանն ու բարգավաճմանը, նրանց թույլ տալիս ավելի անկաշկանդ և հանդգնորեն շրջանցել և խախտել երկրի օրենքները, կարգն ու կանոնը:
Իրենց նման վերաբերմունքով էլ իշխանությունները չափից ավելի արտոնյալ պայմաններ և արգասավոր միջավայր ստեղծեցին կոռուպցիայի առավել տարածման ու զարգացման համար, քրեական, ֆինանսական հանցագործությունների, բռնությունների, ահաբեկչությունների աճի համար։ Ավելին` կոպտորեն խախտեցին մարդու տարրական իրավունքները, խոսքի և ընտրության ազատությունը, ինչն էլ հասարակության շրջանում ծնեց լուրջ և արդարացի դժգոհություններ:
Բոլորովին այլ վերաբերմունք և հոգածություն են ցուցաբերում իշխանությունները շարքային քաղաքացու, հատկապես սոցիալապես անապահով խավի նկատմամբ, որի նվազագույն պահանջների ու խնդիրների բավարարումը իշխանությունների համար անլուծելի, ծայրաստիճան «բարդ» խնդիր է, ավելորդ բեռ, որից ցանկանում են օր առաջ ձերբազատվել:
Հատկապես վերջին տարիներին իշխանությունները բացարձակապես ոչ մի լուրջ և շոշափելի միջոց չեն ձեռնարկել հանրության սոցիալ-տնտեսական վիճակի սրընթաց անկումը զսպելու կամ կասեցնելու նպատակով: Ընդհակառակը, գների օրեցօր, ժամեժամ աճն ավելի ու ավելի է մեծացրել ու խորացրել անապահով և ցոփ կյանքով ապրող խավերի միջև եղած սոցիալական անհավասարության և անարդարության վիհը, որը ստիպում է մարդկանց հարյուր հազարներով լքել հայրենի երկիրը:
Ցավոք, իշխանությունները նման քայլի են «դրդում» ժողովրդին` կամայականորեն բարձրացնելով էլէներգիայի և գազի սակագները, որոնք, բնականաբար, հանդիսանում են սննդամթերքի ¥և միայն¤ գնագոյացման կարևոր բաղադրիչները:
Էլէներգիայի գնի բարձրացմամբ իշխանությունները մեկ անգամ ևս հաստատեցին, որ մտահոգված չեն քաղաքացու, հատկապես սոցիալապես առավել անապահով խավի ճակատագրով, ինչի առնչությամբ անհրաժեշտ պահին մշտապես շռայլ խոստումներ են շաղ տալիս:
Եթե իշխանությունները, իրոք, փոքր-ինչ մտահոգված են այդ խավի աղետալի ճակատագրով և անկեղծորեն պատրաստ են օգնելու, ապա շատ հանգիստ, առանց վարանելու կարող են միայն էլէներգիայի թանկացումից տարեկան բյուջե մտնող հավելյալ 100 մլն դոլարի ընդամենը փոքր մասը` էլէներգիայի տեսքով, անվճար տրամադրել նրանց որպես ֆինանսական օգնություն (նպաստ). յուրաքանչյուր անհատի կամ ընտանիքի տարվա 9 ամիսների ընթացքում ամսական (անվճար) տրամադրել 150 կՎտ.ժ, իսկ ձմռան երեք ամիսներին` ամսական 300 կՎտ.ժ էլէներգիա:
Եթե սոցիալապես առավել անապահով խավը հանրապետությունում կազմում է մոտ 100 հազար մարդ (շրջանառվող վիճակագրական տվյալներով¤, ապա անվճար մատակարարվելիք էլէներգիայի քանակին համարժեք գումարը այսօրվա սակագնով տարեկան կկազմի ընդամենը 21 մլն դոլար (ավելի քիչ, եթե հաշվի առնենք գիշերային ցածր սակագինը): Հատուկ հարկ է նշել, որ այն մոտ 4 անգամ քիչ է, քան բյուջետային աշխատողների և բարձրաստիճան իշխանավորների առանց այն էլ շատ բարձր աշխատավարձերի կրկնակի, եռակի բարձրացման համար (տարեկան 86 մլն դոլար) հատկացված գումարը:
Եթե իշխանությունների գնահատմամբ 20 հազար գործազուրկների 18 հազար դրամի նպաստը (տարեկան մոտ 10,6 մլն դոլար) անարդյունավետ համարվեց և կասեցվեց, քանի որ դրա 94 %-ը փոշիացվում էր (վարչապետի խոսքերն են), ապա էլէներգիայով փոխհատուցվող այս օգնությունը (նպաստը) 100 %-ով անկորուստ կծառայի իսկական նպատակին, քանզի այն անմիջապես կմտնի յուրաքանչյուր անապահովի բնակարանը և, հավատացեք, զգալիորեն կկրճատի սոցիալապես առավել խոցելի և ընչազուրկ խավի բանակը: Կկրճատվեն նաև երկու տասնամյակից ավելի շարունակվող ծառահատումները հանրապետությունում:
Հուսանք, որ վարչապետը նախկինում գործող նպաստներն անարդարացիորեն կասեցնելուց բացի, այնուամենայնիվ, կարեկցանք ու հոգածություն կցուցաբերի` երկրում ծայրաստիճան աղքատ, ընչազուրկ և սոցիալ-տնտեսական շատ խոցելի խավի նկատմամբ, և վերն առաջարկվող մարդասիրական քայլով կօգնի ինչ-որ չափով թեթևացնելու նրանց ծանր ֆինանսական վիճակը, դրանով իսկ նաև կմեղմի, կկասեցնի տարիներ շարունակվող արտագաղթի մեծ ալիքը: Հուսանք նաև, որ նա այլևս թույլ չի տա նորանոր, համընդհանուր «պարտադիր» ֆինանսական մեծ միջոցների հավաքագրում օրեցօր սնանկացող աշխատավոր և գործազուրկ քաղաքացուց, օլիգարխ-իշխանավորների անձնական բյուջեն լրացնելու նպատակով:
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ